Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից
01.02.2013 | 13:30

Քահանա Ալեքսանդր ԵԼՉԱՆԻՆՈՎ

(1881-1934)


-Ի՞նչն է բազմապատկում մեր մեջ ոգու զորությունը։
-Հաղթահարված գայթակղությունը։

Անվախճանի, այսինքն` սիրո ներկայությունը մահկանացու էակներիս մեջ առաջացնում է մահվան, որպես անվախճանի մուտքի, ցանկություն։

Աստված չի թողնում մեզ և մեր մռայլ կյանքում` մեր աղոթքի ժամանակ, խորհուրդներ կատարելիս, Աստծո հանդեպ մեր սիրո արտահայտման ժամանակ։ Սերն առ Աստված մեզ հետ Նրա շփման ապացույցն է։

Կյանքը թանկագին և միակ պարգևն է, իսկ մենք անիմաստաբար ու անվերջ մսխում ենք այն, մոռանալով նրա կարճատևության մասին։ Մենք կամ կարոտով նայում ենք դեպի անցյալը, կամ սպասում ապագային, երբ կարծես պետք է սկսվի իսկական կյանքը։ Իսկ ներկան, այսինքն` այն, որն էլ հենց մեր կյանքն է, հեռանում է այդ անպտուղ ափսոսանքների ու երազանքների մեջ։

ՈՒրիշների կարծիքը մեր մասին։ Ահա այն հայելին, որի առջև շինծու կեցվածք են ընդունում գրեթե բոլորը` առանց բացառության։ Մարդն ինքն իրեն ստեղծում է այնպիսին, ինչպիսին ցանկանում է, որ տեսնեն իրեն։ Իսկ բնականը, ինչպիսին է նա իրականում, հայտնի չէ ոչ մեկին, հաճախ և հենց իրեն։ Խաբելու այդ ձգտումն այնքան հզոր է, որ մարդը զոհ է մատուցում նրան` խեղաթյուրելով սեփական բնությունը, նույնիսկ ինքն իրեն։
Այդ պատճառով էլ մեզ գերում է այն մարդը, որն ազատ է այդ խոցից։ Ինչպե՜ս ենք սիրում մանուկներին, ովքեր դեռ չեն մտել գիտակցականի ժամանակաշրջանը, ովքեր պարզ են ու անմիջական։ Սակայն հնարավոր է և գիտակցված պայքար. գալ դեպի պարզություն` հեռանալով այդ բարդացումից։ Բոլոր դեպքերում, իր մեջ այդ չարիքի ներկայությունն ըմբռնելը գործի կեսն է։
Որքա՜ն ուրախալի է քահանա լինելը։ Երեկ խոստովանության էր եկել մի ամբողջ ընտանիք։ Առանձնապես հիանալի էին երեխաները` 7-8 տարեկան երկու տղա։ Գրեթե ամբողջ երեկո սքանչանքի մեջ էի։ Քահանայությունը միակ մասնագիտությունն է, որտեղ մարդիկ շրջվում են դեպի քեզ իրենց ամենալուրջ կողմով, որտեղ դու անդադար ապրում ես «լրջորեն»։

Հպարտը խուլ ու կույր է աշխարհի նկատմամբ, նա չի տեսնում աշխարհը։ Ամեն ինչի մեջ նա իր պատկերն է տեսնում։

Հիվանդություն. ահա հնազանդության դպրոցը, ահա որտեղ ես տեսնում, որ աղքատ ես, մերկ և կույր (մահից քիչ առաջ)։

-Ինչպե՞ս մխիթարել լացողներին։
-Լացել նրանց հետ։

Ամբողջ մեղսականը մեր մեջ այնքան աշխույժ է, այնքան լիարյուն, որ մեր սովորական թառամած զղջումը ոչ մի կերպ համաչափ չէ մեղքի այն տարերքին, որը տիրում է մեզ։

Ինձ հաճախ թվում է, որ մեր կյանքի բոլոր փշերն ու տատասկները ճշտորեն ստեղծել է Աստված` բժշկելու համար հենց մեր հոգին։ Իմ կյանքում ես տեսնում եմ դա լիակատար հստակությամբ։

Գրեթե համատարած անտարբերություն զղջման ժամանակ, առանձնապես տղամարդկանց մեջ։ Փա՜ռք Աստծուն, որ Նա զղջումը գրեթե միշտ տալիս է որպես աղետ վերապրելու հնարավորություն։

Երբ քեզ համակի չարության զգացումը որևէ մեկի նկատմամբ, ապա պատկերացրու, որ և՛ դու, և՛ նա պետք է մեռնեք։ Եվ ինչքան չնչին կթվան դրա առջև նրա մեղավորությունը, ինչքան սխալ` քո չարությունը, ինչքան էլ այն տեղին լինի ձևական տեսանկյունից։

Հիվանդությունն ամենաբարենպաստ ժամանակն է սեփական սրտի մեջ Աստծուն վերադառնալու համար։ Ապաքինվելու հետ այդ հնարավորությունը նորից հեռանում է անսահման հեռուն։


Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 13306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ